Միտրոպոլիտ Անտոնի ՍՈՒՐՈԺՍԿԻ
Քահանա Սերգի ԳԱԿԿԵԼ
-Գթության քույրը պատրաստ չէ, որովհետև բժշկական դպրոցներում դա չե՞ն անցել։
-Բժշկական դպրոցներում այդ հարցերը չեն շոշափվել, և մարդու նկատմամբ, որը ծանր հիվանդ է կամ մահվան վտանգի տակ, վերաբերմունքը եղել է կամ շատ ձևական, կամ, եթե կարելի է այդպես արտահայտվել, վախվորած։ Բժիշկը, տեսնելով, որ չի կարող բժշկել հիվանդին, ձգտում է «սահել» նրա կողքով` ափով թեթևակի խփելով ուսին, մի քանի խոսք ասելով և թողնելով ամբողջ հոգսը (իսկ այն շատ ծանր է) բուժքրոջ և ընտանիքի վրա։ Դա շատ ողբերգական է, որ դրանով չէին զբաղվում ավագ քույրերը, որոնց վրա շատ մեծ է զուտ բժշկական ծանրաբեռնվածությունը։ Իսկ մեռնողներով զբաղվում էին կրտսեր բուժքույրերը, որոնք ոչ մի ձևով պատրաստ չէին և, կյանքի փորձ չունենալով, շատ քիչ բան կարող էին անել։
Իսկ կապը բժիշկների և ընտանիքի միջև շատ թույլ էր. հարազատներով, փաստորեն, ոչ ոք չէր զբաղվում։ Ընտանիքի խնամատարության խնդիրը նույնպես քննարկվում էր մեր դասախոսությունների ընթացքում։ Ընդ որում, երբ բժիշկը կամ բուժքույրը վախենում են կամ ամաչում են ասել հիվանդի հարազատներին. «Ահա, նա մեռնում է», դա ոչ թե պարզապես զսպվածություն է, այլ ինքնապաշտպանություն։ Որովհետև ասել մարդուն. «Բարեկամս, քեզ վրա կախված է մահը», նշանակում է, որ դու նրա հետ պետք է անցնես այդ ուղին, դա արդեն ձեր ընդհանուրն է։ Քանի դեռ մարդը մտածում է, որ դու նրան միայն ներարկումներ ու վիրակապումներ ես անում, դա հեշտ է. դու դրսում ես, բայց այն պահին, երբ սկսում ես այսպիսի խոսակցություն, փախչելու տեղ չունես։ Երբեմն այնպիսի՜ սարսափելի բաներ էի լսում։ Մի հանդիպման ժամանակ հարցրի մի բուժքրոջ. «Ի՞նչ եք անում, եթե բժիշկը ձեզ ասում է. «Ես քննեցի այդ հիվանդին, նա չի ապրի»։ Նա պատասխանեց. «Ես գնում եմ նրա մոտ, և եթե նա ուղիղ հարց է տալիս, ես անուղղակի պատասխան եմ տալիս, ու երբ նկատում եմ հուզմունք և անհանգստություն, ասում եմ. «Հանգստացե՛ք։ Եկե՛ք թեյ խմենք», ու միանգամից հեռանում եմ և թողնում նրան միայնակ, ինչքան կարելի է երկար, որ նա հասցնի մտածել իր վիճակի մասին»։ Այդ քույրը վախենում է մահից, վախենում է նրա մասին խոսելուց։ Ցավոք, դա պատահում է նույնիսկ որոշ քահանաների հետ։ Ես կարդացի մի քահանայի զեկուցումը, որտեղ գտա հետևյալ տողերը. «Քահանան կարող է օգնել մեռնողին իր մահվան առաջ սեփական վախի չափով...»։ Ախր դա լրի՛վ մերժումն է այն բանի, ինչը կարելի է անել։ Որովհետև եթե ինքդ վախենում ես, ապա ոչ մի օգնություն չես կարող ցույց տալ ուրիշին։
-Իսկ ինչպե՞ս են վերաբերվել այդ հարցին նրանք, ում հետ շփվել ես։ Իհարկե, կան մարդիկ, ովքեր պարզապես վախենում են որևէ ճշմարտությունից։
-Գիտես, դա դժվար հարց է. այն չի դրվում այդպիսի պարզությամբ` ոչ ճշմարտություն կամ ճշմարտություն։ Սուտ ասելը շատ հեշտ է, դա խնդիր չէ։ Դու գիտես, որ մարդը մեռնում է, ու չես ցանկանում ներքաշվել այդ դրամատիկ կացության մեջ և ասում ես. «Ո՛չ, ո՛չ, ամեն ինչ լավ կլինի։ Դու հիմա վատ ես զգում, բայց դա նրանից է, որ դեղերը նոր սկսեցին ազդել, դու հիմա կհանգստանաս, լավ կլինի...», ու հեռանում ես։ Սակայն ճշմարտությունն այդքան պարզ չէ։ Չի կարելի շպրտել մարդու դեմքին. «Դու, բարեկամս, շուտով կմեռնես, պատրաստվի՛ր»։ Այդ կերպ ոչ մեկին չի կարելի ասել։
Հիվանդության ամբողջ ընթացքում այդ առումով պետք է նախապատրաստել մարդուն։ Շատ անգամ ասել եմ ուսանողներին. «Մեռնողներին պատրաստե՛ք ոչ թե մահվան, այլ հավիտենական կյանքին։ Ոչ թե այն բանին, որ. «Ահա, կմեռնես, քեզ կթաղեն, և վե՛րջ», այլ որ մահը անցնում է»։
Սակայն դա կարելի է ասել հավատացյալներին կամ նրանց, ովքեր հիշում են հավատի մասին, ովքեր դաստիարակված են քրիստոնեական հավատքով։ Կարելի՞ է արդյոք այդպես ասել անհավատ բժիշկներին և ուսանողներին։
Կարծում եմ, որ այդ ձևով կարելի է ասել նույնիսկ ոչ ամեն հավատացյալի։ Ասել` «Դու հիմա մեռնում ես, բայց մահն ավարտ չէ, այլ սկիզբ», կարելի է շատ հասուն մարդուն։ Այն, ինչը կարելի է անել, աստիճանաբար պատրաստելն է մարդուն այն բանին, որ մահը սպասում է յուրաքանչյուրին, անել նրա հետ ինչ-որ մի բան, ինչը կարող է զորացնել նրան։ Հիշում եմ մի քանի դեպք, երբ ստիպված եմ եղել նստել մեռնողի կողքին, որն ասում էր ինձ. «Սարսափում եմ մեռնելուց, չեմ պատկերացնում, թե ինչ է դա...»։ Եվ ես մի քանիսին պատասխանել եմ. «Իսկ ես կպատմեմ, թե ինչպես էր մահանում մայրս», կամ. «Ես կպատմեմ, թե ինչպես էր պատերազմի ժամանակ մեռնում մի պատանի զինվոր, ում կողքին էի ամբողջ գիշեր»։ ՈՒրիշի փորձը կարող է օգնել, և հետո այն լավ է, քանի որ չի հարվածում քեզ։
-Ինչպե՞ս էին արձագանքում քեզ լսողները։
-Սկզբում շատ բացասաբար, իբր, դա բարոյականության դեմ է, մեր դերը մարդկանց բուժելն է, ոչ թե զբաղվելը հովվությամբ, դրա համար գոյություն ունեն քահանաներ, հարազատներ, դա նրանց գործն է։ Մենք բացատրում ենք հարազատներին` ահա ձեր ամուսինը կամ կինը, կամ երեխան մահվան վտանգի մեջ է, դուք պարտավոր եք աջակցել և այլն։ Իհարկե, ամբիոնից սովորեցնել մարդուն, թե ինչ է պետք անել մեռնող մարդու համար, հնարավոր չէ։
-Զբաղվե՞լ եք արդյոք այդ հարցերով միայն քրիստոնեական տեսանկյունից, կամ բանավեճերին մասնակցել են ա՞յլ կրոնական գործիչներ։
-Եղել են տարբեր դավանանքների մարդիկ։ Սակայն ես միշտ պնդել եմ, որ կյանքն ու մահը համապարփակ երևույթ են, և որ ես պատրաստվում եմ զեկուցում կարդալու ոչ թե ուղղափառ քրիստոնյայի տեսակետից, այլ մի մարդու, որն ունի ինչ-որ բժշկական և մարդկային փորձ, որ մենք պետք է խոսենք յուրաքանչյուր մարդու հետ, չդնելով ինչին է նա տեսականորեն հավատում հարցը։ Ինչին է նա տեսականորեն հավատում, երբ լավ վիճակում է, դա մի բան է, իսկ թե ինչն է կազմում նրա հարաշարժությունը և կյանքի ուժը, երբեմն ուրիշ բան է։
Լինում են հավատացյալ մարդիկ, որոնք կարող են հռչակել իենց հավատքը վիթխարի եռանդով, սակայն մահվան առջև դառնում են մանուկների պես անզոր։ Այդ պատճառով միշտ վերապահում եմ արել, որ պիտի խոսեմ մարդկանց մասին առհասարակ, անկախ նրանց կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներից։ Եթե որևէ դեպքում նրանց կրոնական համոզմունքները կարող են դեր ունենալ, հարկավոր է դա հաշվի առնել, սակայն հարկավոր է հիշել, որ մահվան առաջ կանգնած յուրաքանչյուր մարդ, վերջին հաշվով, կանգնած է սեփական մարդկայնության մերկության մեջ, ու մոտենալ պետք է հենց այդ տեսանկյունից։
-Կարելի՞ է ասել, որ այդ գործունեության քսանհինգ տարիները, ի վերջո, թողեցին իրենց հետքը բժշկական պրակտիկայում։
-Կարծում եմ` այո։ Ամենուր այդ հարցը դրված է եղել, և տրված հարցը չի մեռնում։ Որովհետև բժիշկը, ում առջև հայտնվել է այդ հարցը, ամեն Աստծո օր պալատում կհանդիպի նրան, չի կարող մոռանալ դրա մասին։
Եվ հետո։ Առաջին զեկուցումս սկսեցի այնպիսի խոսքերով, որոնք զարմացրին լսարանին, համենայն դեպս` նրա մի մասին։ Ես ասացի նրանց. «Դուք եկել եք այստեղ, որ լսեք, թե ինչպես պետք է նախապատրաստել մեռնողին մահվանը։ Սակայն հիշեցնեմ ձեզ. առաջինը, ում մասին մտածում եք, հենց դուք եք, որովհետև այդ դուք եք կանգնած սեփական մահվան առջև։ Եթե այդ խնդիրը ձեզ համար չլուծեք, ապա չեք լուծի երբեք ոչ մեկի համար...»։
-Սրբազան, այսօր բավականին լայնորեն քննվում է անհույս հիվանդի վախճանն արագացնելու հնարավորության հարցը։ Ինչպե՞ս մենք` հոգևորականներս, վերաբերվենք այդ խնդրին։
-Հեշտ հարց չէ` մարդու վախճանն արագացնելու, միջամտելու այն բանին, թե ինչպես է զարգանում այդ մարդն ու հեռանում դեպի հավերժություն։ Կարծում եմ, որ այստեղ միախառնվում են տարբեր պահեր։ Առաջնահերթ պետք է լինի բուժման բոլոր տեսակների կատարելագործման խնդիրը, որոնք կարող են ազատել մարդուն անտանելի ցավերից, պահպանելով նրա մեջ գիտակցության հստակությունը։ Տվյալ հարցում կան տարբեր աստիճաններ։ Պատահում է, որ մենք ուզում ենք ազատել մարդուն տառապանքից, սակայն մեծ ռիսկի ենթարկելով նրան։ Ահա ռիսկը, որ կարծում եմ, կարելի է վերցնել իր վրա։ Հիշում եմ մի դեպք սեփական բժշկական պրակտիկայից, երբ հիվանդը մեռնում էր կրծքահեղձուկից։ Մի քանի օր ու գիշեր նա գոռում էր ցավից։ Բժիշկը նշանակել էր մորֆինի ենթամաշկային սրսկումներ, որոնք չէին օգնում։ Ես գիտեի, որ կարելի է դեղը ներարկել երակի մեջ, և ցավը կդադարեր, բայց դա կարող էր կարճացնել նրա կյանքի տևողությունը, չնայած կասկած չկար, որ նա կմեռնի մի քանի ժամ հետո։ Ես համարձակվեցի կատարել այդ ներարկումը, գիտակցելով, որ դրանով կարող եմ կարճացնել նրա կյանքի պահերը, բայց մի քանի ժամ նա կլինի կատարյալ հանգիստ։ Նա ապրեց մի քանի ժամ։ Պառկած զրուցում էր կնոջ և դստեր հետ, հետո աստիճանաբար սկսեց թուլանալ և քնեց հավիտյան։ Եթե չսրսկեի նրան, նա կապրեր մի քանի ժամ ավելի, սակայն անտանելի տանջվելով ու անվերջ գոռալով, ինչը սարսափելի կլիներ նրան սիրողների համար։ Իմ արարքը չխախտեց ոչ մի բժշկական կամ բարոյական կանոն։
Սպանելու իրավունք մենք չունենք, չնայած հասկանում ենք, որ մահը շատ մոտ է։ Բժիշկը կոչված չէ կյանքն ընդհատելու, նա կոչված է կյանքը տանելի դարձնելու։ Այսօր կան բազմաթիվ հնարավորություններ թեթևացնելու համար մարդու տառապանքները։ Եվ պետք է հաշվի առնել, որ մեծ մասամբ այդ միջոցները նվազեցնում են հիվանդի դիմադրողականությունը, երկար ապրելու ընդունակությունը։ Այսինքն, ասես, արագացնում են վախճանը։ Քրիստոնյան հավատում է, որ մահով կյանքը չի ավարտվում, մարդը պարզապես տեղափոխվում է մի այլ կյանք, մի այլ գոյություն։
-Դա չի՞ օգնում արդյոք այլ կերպ իմաստավորելու վախճանի արագացումը։
-Քրիստոնյան գիտի, որ մահվան սահմաններից այն կողմ գոյություն ունի կյանք։ Սակայն իրավունք ունի՞ նա Աստծո փոխարեն որոշելու, թե երբ պիտի գա այդ պահը, արդեն այլ հարց է։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ